Jump to content

Ճոխտ պռվածառ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճոխտ պռվածառ վանք
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱրցախ Արցախ
Կառուցման սկիզբ11-րդ դար

Ճոխտ Պռվածառի վանք, վանական համալիր, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի 1.7 կմ հարավ, անտառապատ լեռնաբազուկին[1]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը բաժանված է երկու մասի։ Հուշարձանների մի խումբը տեղադրված է զառիթափի գլխին, իսկ մյուսը՝ բակի հյուսիսային կողմում։

Առաջին հուշարձանախումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանախմբի մեջ մտնում են երեք պաշտամունքային շենքեր, հաձորդում՝ կրկնապարիսպով փակված միակ եկեղեցին։ Բարձունքի վրա գտնվող երկարավուն եկեղեցին լրիվ ավերված է, ունի գավիթ։ Փլատակներում հրաշքով պահպանվել են խաչքարերն ու հնաոճ քանդակներով միակ խոյակը։

1884 թվականին այդ հատվածում գտնվող խաչքարի մոտ, որը յուրահատուկ ուղեցույց էր, թաղավարդցիները որոշեցին մատուռ կանգնեցնեն, սակայն հիմքերը փորելուց հանդիպեցին հողով ծածկված եկեղեցուն։ Վանքի ավերակների մեջ պահպանվել է խոյակ, որն իր արվեստով՝ քանդակազարդերով, եզակի է և չի կրկնվում։ Ունի ավելի նախնական տեսք։

Ճոխտ Պռվածառի կամ Բարևածառի կառուցման ստույգ թվականը հայտնի չէ։

Փրկված խաչքարերից մեկի վիմագրերից.

«Սուրբ Պետրոս. կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգո իմո և ծոնաղաց իմոց։ Արդ, որք երկրպագէք սուրբ նշանիս, զիս յաղաւթս յիշեցէք և Աստուած զձեզ յիշեսցէ թվ. ՆԽԶ (997 թվական)։ Էր»։
- Ա. Բաբախանեան, Ուխտավորի հիշատակարան, Շուշի, 1885 թվական, էջ 5
«Սուրբ Պաւղոս, յամս աստուածապատիւ և հոգեւոր տեառն Յովհաննիսի Ամարասա եպիսկոպոսին և պետութեան տեառն Գագիկայ Աղուանից իշխանաց իշխանի ես Կիրակոս առաջնորդ սուրբ ուխտիս, եղբաւր որդի Կոկոնա...»:
- Ա. Բաբախանեան, Ուխտավորի հիշատակարան, Շուշի, 1885 թվական, էջ 5

Արձանագրությունից պարզ է դառնում, որ եկեղեցին կառուցվել է 10-11-րդ դարերում, քանի որ Գագիկ իշխանաց իշխանը ապրել է 10-րդ դարի վերջից մինչև 11-րդ դարի սկզբները։

Մեկ այլ խաչքարի վիմագիր.

«ՈՀԷ (1228 թվական) թվին, ես Ալի, որդի Զինովբին եկի ի պարսից, շինեցի զսուրբ եկեղեցիս Աստուծոյ...»:
- Մ. Բարխուդարյանց, Արցախ, էջ 91

Այս արձանագրությունից պարզ է դառնում, որ եկեղեցիներից մեկը կառուցվել է 13-րդ դարում։

Երկորդ հուշարձանախումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջափակված է կրկնպարիսպով։ Հիմնական կառուցվածքը ուղղանկյուն հատակագծով (6.5 մ x 3 մ) եկեղեցին է։ Ամբողջությամբ փլված է։ Տեղ-տեղ պահպանվել է կողապատերը, բեմի խորշերը, դռան գետնամերձ մասերը։ Եկեղեցին կառուցված է թմբի վրա, բազալտակուռ աստիճաններով կապված է պարսպի դարպասի հետ։ Անկանոն պարագծով, 9.5 մ x 13 մ մակերեսով, պարսպի պատերի հաստությունը 1.5 մ։ Հարավային պատի տակ կա մի փոքր խաչքար։

Պարսպապատ եկեղեցուց հարավ-արևելք, բավականին հարթ և ընդարձակ տարածության վրա նշմարվում են ավերված շինության հետքեր։ Հսկայական քարե որմերը կանոնավոր մշակված են և ունեն քիվ, զարդ, փորագրություններ։ Այն քառակուսի է, 9 մ երկարությամբ և գրեթե նույն լայնությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան. 1985. էջեր 103–104.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)