Jump to content

Կոնվենցիոնալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնվենցիոնալիզմ (լատ.՝ conventio - համաձայնություն), իմացաբանական ուղղություն, որը հատկապես դրսևորվել է գիտության փիլիսոփայության մեջ։

Անրի Պուանկարե՝ կոնվենցիոնալիզմի հիմնադիր

Ըստ կոնվենցիոնալիզմի, որի հիմնադիրը Ա. Պուանկարեն է, մաթեմատիկայի և բնագիտության հիմնադրույթները և կառուցվածքները համաձայնություններ են (պայմանականություններ, սահմանումներ, գիտնականների պայմանավորվածություններ), որոնց ընտրությունը կատարվում է նպատակահարմարության, պարզության, մտքի տնտեսման և այլ չափանիշներով։ Դրանք պարզապես ձևական միջոցներ են՝ բնագիտական բովանդակային տեսություններ կառուցելու համար։ Կոնվենցիոնալիզմը հատկապես արտահայտվել է Ռ. Կառնապի և Կ. Այդուկևիչի վաղ աշխատություններում։ Կոնվենցիոնալիզմի տարրեր ունեն նեոպոզիտիվիզմը, պրագմատիզմը և օպերացիոնալիզմը։ Դիալեկտիկական մատերիալիզմը մերժում է կոնվենցիոնալիզմը, քանի որ այն բացառում է գիտության մեջ իսկապես գոյություն ունեցող օժանդակ մտածական կառուցվածքների օբյեկտիվ հիմքերը։

Քանի որ սուբյեկտիվ իդեալիզմը ժխտում է սուբյեկտի գիտելիքների մեջ օբյեկտիվ բովանդակությունը, այս տեսակետը տիպական է նրա համար։ Կոնվեցիոնալիզմի տեսական սկզբունքները մշակել է Պուանկարեն։ Այս տեսակետը հերքվում է ճանաչողության պրոցեսի պատմական վերլուծությամբ։ Հասկացություններն ու տեսությունները արտահայտում են աշխարհի որոշակի կողմերը` ձևավորվելով մարդու պրակտիկ գործունեության ընթացքում։ Տեսությունները ձևակերպվելուց հետո կարող են աբստրահվել իրենց ռեալ հողից և դառնալ գործիք միանգամայն տարաբնույթ երևույթների նկարագրության համար։ Այսպես երկրաչափական պատկերացումները կարող են կիրառվել տեխնիկական խնդիրների լուծման գրաֆիկների կազմման և այլ նպատակների համար։ Սակայն այդպիսի կիրառման «արհեստական բնույթը», որը հիմնված է ոչ նույնական օբյեկտների համանմանության վրա, ամենևին էլ չի ապացուցում բուն տեսական կառուցումների կամայական բնույթը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Փիլիսոփայական բառարան, Երևան, 1975թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 579