Արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ
Արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ, քրեական իրավունքի տեսության մեջ հայտնի է որպես արդարադատության խոչընդոտում, քրեաիրավական հանցագործություն, որն իր օրենսդրական ամրագրումն ունի ՀՀ քրեական օրենսգրքում։ Մասնավորապես, արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական հատկանիշները և դրանց որակման առանձնահատկությունները շարադրված են ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ գլխում՝ նույնանուն վերտառությամբ։
Արդարադատության խոչընդոտման կոնցեպցիայում հասկանում ենք ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը, անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը, դատական գործի լուծմանը միջամտելը, դատավորին կամ ժողովրդական ատենակալին սպառնալը կամ վիրավորանք հասցնելը, դատարանի ելքային ակտը չկատարելը, ապօրինի ձերբակալությունը կամ կալանավորումը, սուտ մատնությունը, նախաքննության և հետաքննության տվյալների հրապարակումը, կալանքից փախուստը, հանցագործությունը պարտակելը և այլն։ Արդարադատության խոչընդոտմանը նվիրված են 190-ից 206 հոդվածները[1]։
Արդարադատության դեմ հանցագործողությունների հիմնախնդիրը դասվում է քրեական իրավունքի, քրեագիտության և քրեակատարողական իրավունքի գիտության ու իրավակիրառական պրակտիկայի առաջնային հարցերի շարքում։ Հանցավոր այդ դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը եղել և մնում է խիստ արդիական ցանկացած պետության, այդ թվում` Հայաստանի համար։ Արդարադատության խոչընդոտման վտանգավորության աստիճանը կայանում է նրանում, որ սույն իրավախախտումների արդյունքում կարող է էական վնաս հասցվել պետությանը։ Այն անուղղակիորեն կարող է նպաստել նաև դատական իշխանության անկախության, անաչառության ու անկողմնակալության միանշանակ սկզբունքի բացառմանը։ Արդարադատության դեմ ուղղված մասշտաբային հանցանքները կարող է հաջորդել անցումային արդարադատության կիրառումը։ Վեթինգի ինստիտուտը ինքնին կարող է նպաստել նմանօրինակ հանցագործությունների մասնավոր դեպքերի ծավալային կրճատմանը։
Արդարադատության դեմ հանցավոր գործողությունների կանխարգելմանն են նվիրված ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, ինչպես նաև միջազգային իրավունքի բազմաթիվ իրավական ակտեր։ Հանցագործության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ցանկացած ֆիզիկական անձ։
Կոնցեպցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդարադատության դեմ ուղղված հանցագործությունները կարող են հակասել անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների անխոչընդոտ իրականացմանը, անձնական անձեռնմխելիությանը, դատական իշխանության անկախության, անաչառության ու անկողմնակալության անքակտելի սկզբունքին, ինչպես նաև մասնավոր դեպքերով խոչընդոտել պետության սահմանադրական սկզբունքներին և հիմունքներին։
Դատարանի անկախության, անաչառության ու անկողմնակալության խոչընդոտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդարադատություն իրականացնելու բացառիկ գործառույթով լիազորված դատական իշխանության անկախության, անաչառության և անկողմնակալությունը գլխավորապես խախտվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-193 հոդվածների համատեքստում։
ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածը նախատեսում է, որ հետաքննություն կատարող անձի, քննիչի կամ դատախազի կողմից շահադիտական, կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը ենթադրում է քրեական պատասխանատվություն՝ մինչև երեք տարի ազատազրկմամբ։ Անմեղության կանխավարկածը կարող է հանդիսանալ արարքի հանցավորությունը բացառող բացառիկ հանգամանք, որի քննությունն էլ իր հերթին պահանջում է բացարձակ փաստակենտրություն և սահմանադրակենտրոնություն։ Գործի կապակցությամբ ցանկացած ներգործության հնարավորության կամ անձնական շահագրգռվածության պարագայում ի հայտ է գալիս բացարկի կիրառելիության անհրաժեշտությունը։
Դատավորների գործառույթների մեջ է մտնում դատարանի անկախության, անաչառության և անկողմնակալության բացառիկ սկզբունքի լիակատար պաշտպանությունը։ Սա ենթադրում է, որ անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը միանշանակ անթույլատրելի է և պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով։ Մասնավորապես ասվում է՝
Շահադիտական կամ անձնական այլ դրդումներով դատավորների կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը` պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով։ - ՀՀ քրեական օրենսգիրք, 9-րդ բաժին, հոդված 191
|
Սույն հոդվածի կապակցությամբ հարկ է նշել, որ կախված վերջինիս վտանգավորության աստիճանից՝ նույն արաքը, որ զուգորդված է առանձնապես վտանգավոր պետական, կամ այլ ծանր հանցագործության համար դատապարտելու հետ` պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի Հանրապետության «քրեական օրենսգիրք» սահմանադրական օրենք». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 230)։ |